Գիտնականը բացատրել է, թե ինչու է ձմռանը վտանգավոր ամառային մարզակոշիկներով վազելը
Այլ
Ձմռանն ամառային մարզակոշիկներով վազելը կարող է հանգեցնել ոտնաթաթերի սեղմման, արյան շրջանառության խանգարման և եղունգների վնասվածքների։ Ցուրտ եղանակին անհրաժեշտ է ընտրել սովորականից 0,5–1 չափսով մեծ կոշիկներ։ Այս մասին «Газета.Ru»-ին հայտնել է Ա. Ի. Հերցենի անվան Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի դոցենտ Եկատերինա Սաբուրովան։
Փորձագետի խոսքով՝ վազքի ընթացքում ոտքերի մատները բնականորեն բացվում են, իսկ ոտնաթաթը կարող է փոքր-ինչ այտուցվել։ Եթե կոշիկը չափազանց նեղ է, դա հանգեցնում է արյունատար անոթների սեղմման և մատների զգայունության խանգարման։ 0,5–1 սանտիմետր լրացուցիչ տարածությունը թույլ կտա ոտնաթաթին ազատ շարժվել և պահպանել բնականոն արյունամատակարարումը։
Բացի այդ, ցրտահարության պայմաններում ամառային մարզակոշիկների ներբանները կարող են կորցնել մակերևույթի հետ կպչունությունը։ Ցածր ջերմաստիճանի դեպքում ռետինն ավելի կոշտ է դառնում, ինչի հետևանքով մեծանում է սայթաքելու և վնասվածք ստանալու վտանգը։ Ձմռանը վազելու համար ավելի նպատակահարմար է ընտրել ցրտադիմացկուն և արտահայտված նախշերով ներբաններ ունեցող մարզակոշիկներ։
«Տրորված ձյան վրա վազելու համար հարմար են առնվազն չորս միլիմետր խորությամբ նախշեր ունեցող ներբանները, իսկ փխրուն ձյան դեպքում՝ առնվազն վեց միլիմետր խորությամբ։ Սառցակալած հատվածներում լրացուցիչ կպչունություն կապահովեն ներբանների մետաղական ցցիկները»,- «Газета.Ru»-ի հետ զրույցում պարզաբանել է փորձագետը։
Պակաս կարևոր չէ նաև հագուստի ճիշտ ընտրությունը։ Զրոյին մոտ ջերմաստիճանի դեպքում փորձագետը խորհուրդ է տալիս կրել երեք շերտ հագուստ՝ սինթետիկ ջերմապահ ներքնազգեստ, բարակ ֆլիսե հագուստ և թեթև հողմապաշտպան բաճկոն։ Խորհուրդ չի տրվում բամբակյա հագուստ կրել, քանի որ այն ներծծում է քրտինքը և խոնավ վիճակում նպաստում մարմնի արագ սառեցմանը։
Գերսառեցման վտանգը հատկապես մեծ է կանգ առնելուց հետո, օրինակ՝ լուսացույցի մոտ։ Խոնավ հագուստը դադարում է տաքացնել մարմինը, իսկ օրգանիզմն ավելի քիչ ջերմություն է արտադրում։
«Հիմնական կանոնը հետևյալն է՝ ամբողջական մարզահանդերձանքով փողոց դուրս գալիս պետք է թեթևակի զովություն զգալ։ Եթե վազքն սկսելուց առաջ արդեն տաք եք զգում, ապա տասը րոպե անց կգերտաքանաք և կքրտնեք, իսկ լուսացույցի մոտ կանգ առնելիս խոնավ հագուստը կհանգեցնի մարմնի ջերմաստիճանի կտրուկ անկման»,- եզրափակել է Սաբուրովան։


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար