Ադրբեջանի ՏԻՄ ընտրություններն ընթանում են զանգվածային խախտումներով
Ադրբեջան
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերն այսօր այդ երկրում անցկացվող ՏԻՄ ընտրություններում զանգվածային իրավախախտումներ են հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է լուրջ խախտումների մասին: «Մուսավաթ» կուսակցության մամուլի տեղեկագրում, մասնավորապես, ասվում է, որ Բաքվի Բինագադիի թիվ 9 ընտրական շրջանի թիվ 17 և թիվ 18 ընտրատեղամասերի անդամները վռնդել են «Ենի Մուսավաթ» թերթի աշխատակից Ջավանշիր Աբբասլըին: Իրավախախտումներ են գրանցվել նաև Մինգեչաուրի թիվ 1,2,4,5,7,8,21 ընտրական տեղամասերում, Բիլյասուվարի թիվ 66, Մասալլըի թիվ 71, Աղստաֆայի թիվ 108, Բինագադիի թիվ 13,14,16 ընտրատեղամասերում:
Ըստ թերթի, ամենատարածված խախտումը մեկ ընտրողի կողմից քվեաթերիկների զանգվածային լցոնումն է և միույնույն անձի` մի քանի տարբեր ընտրատեղամասերում քվեարկելու դեպքերը:
Azpolitka.info լրատվական կայքը տեսանյութ է հրապարակել, որում «Ազադլըգ Ռադիոսու» ռադիոկայանի թղթակիցը ֆիքսել է տարբեր ընտրատեղամասերում միևնույն անձի կողմից քվերակության փաստը:
«Ենի Մուսավաթ» թերթն Ադրբեջանում ընտրությունների կեղծման վերաբերյալ այսօր առավոտյան համացանցում սկանդալային տեսանյութ էր տարածել, որում բացահայտել էր, որ ընտրություններն ընթանում են ավանդույթի համաձայն` լցոնումներով: Բաքվի Յասամալի շրջանի թիվ 12 ընտրատեղամասում քվեարկության ընթացքը լուսաբանող Meydan TV հեռուստաալիքի լրագրողից ընտրատեղամասի պատասխանատուները փորձել են խլել խցիկը` գործը հասցնելով նրան ծեծելուն: Լրագրողին հաջողվել է նկարահանել, թե ինչպես է քվեարկած մի կին տեղամասի հանձնաժողովի անդամների ներկայությամբ քվեատուփ նետել ընտրաթերթիկների մի ամբողջ խուրձ:
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Ընտրություններին որպես դիտորդ արտասահմանից ոչ մի կազմակերպություն չի մասնակցում: Դիտորդական առաքելություն ուղարկելուց հրաժարվել է նաև Եվրոպայի Խորհուրդը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու