Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հետևում է Քեսաբում տիրող իրավիճակին
Հայաստան
Քեսաբի վերաբերյալ շրջանառվող լուրերից անմիջապես հետ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը կապ է հաստատել շրջանի պատասխանատու մարմինների հետ:
Սյս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Քեսաբի շրջանի պատասխանատուները վստահեցրել են Նորին Սրբությանը, որ Քեսաբի մասին վերջին ժամերին լրատվամիջոցների տարածած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և հաստատել են, որ շրջանում հանդարտ իրավիճակ է տիրում:
Նրանք միաժամանակ հայտնել են, թե սահմանի թրքական կողմում զինյալների շարժումներ են նշմարվել:
Նկատի ունենալով, որ շրջանառվող սխալ լուրերը նաև մտահոգություն են պատճառել Քեսաբի բնակիչներին, պատասխանատու մարմիններն աշխատանք են տանում հանդարտացնելու կացությունը և կասեցնելու ստեղծված անտեղի խուճապը:
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել Քեսաբի պատասխանատու մարմիններին' նրանց կատարած աչալուրջ աշխատանքի համար:
Նորին Սրբությունը նաև կապ է հաստատել Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսյանի հետ՝ քննարկելով Քեսաբի անցուդարձերը, ապա հայրապետական օրհնություն է փոխանցել սիրիահայությանը:
Ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում քեսաբահայ Կարո Մանճիկյանը նշել էր, որ Քեսաբում մտահոգիչ որևէ դեպք տեղի չի ունեցել, սակայն ապահովության համար իրենք փոքրերին և տարեցներին տեղափոխել են Լաթաքիա: Նա նաև նշել էր, որ քեսաբցիները լավ պաշտպանված են սիրիական բանակի կողմից:
Մինչ այդ լուրեր էին տարածվել, որ ապահովական վիճակն անկայուն է և Քեսաբին հարձակման վտանգ է սպառնում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից