Զարուհի Փոստանջյանի նամակը Կարեն Անդրեասյանին
Քաղաքական
ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին ապօրինի ձերբակալելու վերաբերյալ:
Հարգելի պարոն Անդրեասյան,
2015 թվականի փետրվարի 4-ին Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ Շիրակի մարզի դատախազության շենքում խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջները, ապօրինի ձերբակալել է ՀՀ Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին:
Ձերբակալության հիմքը և առիթը նշվում են՝ քրեական օրենսգրքով արգելված արարք և Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի բնակելի շենքերի բնակիչների հանգստի խախտում, որն, իբրև, վերջիններիս մոտ առաջացրել է վախի զգացում իրենց կյանքի, առողջության, գույքի պահպանության նկատմամբ:
Ձերբակալության նպատակը հանդիսանում է անձի կողմից նոր հանցագործությունների հնարավոր կատարումը և փախուստը կանխելը:
Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված ամեղ կասկածյալ է:
Մնացական Ալեքսանյանը թիվ 1800615 քրեական գործով բազմիցս հրավիրվել է հարցաքննության՝ որպես վկա, և մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնի կանչով, դեռ ավելին, նրա անձնագիրը գտնվել է վարույթն իրականացնող մարմնի մոտ: Մնացական Ալեքսանյանի կողքին եղել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր կարող են վկայել նրա անմեղության մասին, սակայն նրանց չեն կանչել հարցաքննության:
Հետևաբար, Մնացական Ալեքսանյանին քրեական օրենսգրքով նախատեսված արարքով կասկածելը և ձերբակալելը անօրինական է և հետապնդում է հատուկ նպատակ:
Իրական հանցագործներին՝ եղեռնագործներին բռնելու և վնասազերծելու փոխարեն ոչ միայն Գյումրիում, այլև ողջ Հայասատանի Հանրապետության տարածքում առաջացել է վախի և անպատժելիության մթնոլորտ: Մեղադրյալ Պերմյակովին թույլ տալով առևանգել և ապօրինաբար պահել Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայում և ի վիճակի չլինելով իրանականցնել քրեական հետապնդում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունների համար՝ մեղավորների հանդեպ հենց ՀՀ գլխավոր դատախազն իր ենթականերով պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Փաստորեն, անպատժելիության և վախի մթնոլորտ ստեղծելու մեղավորներն իրենք են:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին:
Հարգանոք՝
Զարուհի Փոստանջյան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու