ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է Հայաստանի հավատարմությունը ԼՂ գոտում լարվածության թուլացմանը
Բլոգոսֆերա
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նպատակամղվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման հարցում: Այդ մասին ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: «Մյունխենում անվտանգության հարցերով համաժողովի շրջանակում տեղի է ունեցել լավ հանդիպում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացը: Մենք ողջունում ենք նրա հավատարմությունը լարվածության թուլացման գործին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Ուորլիքը:
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ' քաղաքացիական անձանց զոհերի: «Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է նախարար Նալբանդյանը:
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու