«Կա՛մ ինտեգրվեք եք ԵՏՄ-ին, կա՛մ դադարեցրեք այս թատրոնը»
Բլոգոսֆերա
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե որոշել եք միանալ ու արդեն միացել եք Եվրասիական տնտեսական միության, ուրեմն բարի եղեք պահպանել միասնական տնտեսական տարածքի կանոններն ու տրամաբանությունը:
Միասնական տնտեսական տարածքը ենթադրում է սինխրոնիզացված դրամա-վարկային քաղաքականություն Միության բոլոր պետություններում, ինչը նշանակում է, որ ազգային արժույթի գինը միջազգային առևտրաշրջանառության համար կիրառելի արժույթի նկատմամբ պետք է նույնական լինի Միության բոլոր պետություններում:
Վերջին մի քանի օրերին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ ցուցաբերում է արժևորման միտումներ, իսկ բոլորովին հակառակ գործընթացն է տեղի ունենում ԵՏՄ շրջանակներում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանում: 2014թ. հոկտեմբերից հետո ռուսական ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է մոտավորապես 80%-ով' 32-ից դառնալով 60, իսկ ներկայումս այն տատանվում է 52-54 ռուբլու սահմաններում, մինչդեռ Հայաստանում ՀՀ դրամը նույն ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի համեմատությամբ արժեզրկվել է մոտավորապես 15-18%-ով' 420-ից դառնալով 480 դրամ:
Եթե մեր Կենտրոնական բանկը կամ ՀՀ Կառավարության պատասխանատուները նեղություն քաշեն ու զրուցեն Հայաստանում արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների հետ, ապա կհասկանան, որ միայն այս տարբերության պատճառով 90%-ով կրճատվել է արտահանումը Ռուսաստան, հետևաբար դադարեցվել են արտադրությունները, կրճատվել են աշխատատեղերը, նվազել են վճարվող հարկերը, ավելացել է գործազրկությունը:
Մի՞թե այդքան դժվար է հասկանալ ու գիտակցել, որ տնտեսական միությունները արդյունավետ կարող են աշխատել բացառապես նույնականացված տնտեսական ու դրամավարկային կանոնակարգումների և որդեգրած քաղաքականությունների արդյունքում:
Իսկ մեզ մոտ, ինչպես միշտ, ամեն ինչ արվում է կիսատ, ձևի համար, ինչ որ մեկին ինչ որ բան ցույց տալու համար:
Այդպես գործ չի արվում, կամ ինտեգրվեք եք, կամ դադարեցրեք այս թատրոնը:
Կողմնորոշվեք պարոնայք...»:


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները