Հեղեղված Սոչիում տարհանում է սկսվել, կա մեկ զոհ
Հասարակություն
Սոչիում 400-ից ավելի տուն է հեղեղվել սաստիկ անձրևների պատճառով: Վտանգավոր գոտուց տարհանվել է քսան ընտանիք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին, Ադլերի շրջանում հայտնաբերվել է զոհված տղամարդու մարմին: Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:
Երկաթուղային կայարանն ու օդանավակայանը ջրով են լցված, դրանց աշխատանքը կասեցված է: Հազարավոր ուղևորներ չեն կարողանում մեկնել քաղաքից, քանի որ Ռոսավիացիան թռիչքուղու հեղեղման պատճառով փակել է Սոչիի օդանավակայանը:
Ինչպես հաղորդել է Կրասնոդարի երկրամասի մամուլի ծառայությունը, Սոչիի իշխանությունները բնակիչների տարհանում են սկսել հեղեղված շրջաններից:
«Խերոտա գետը դուրս է եկել ափերից, երկաթուղային կայարանը հեղեղված է, գնացքները դադարեցրել են երթևեկությունը, հեղեղված է օդանավակայանը, որտեղ ջրի բարձրությունը հասել է մեկ մետրի: Ներկայումս շուրջ 2 հազար ուղևորներ են գտնվում օդանավակայանում»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Սոչիի քաղաքագլուխ Անատոլի Պախոմովի խոսքը:
Քաղաքի բնակիչները հեղեղումը կապում են 2014 թվականի ձմեռային Օլիմպիադային նախապատրաստվելիս օլիմպիական օբյեկտների կառուցման ընթացքում թույլ տրված խախտումների հետ:
Սոչիում և մերձակա լեռներում սաստիկ անձրևներն սկսվել են հունիսի լույս 25-ի գիշերը և ոչ մեծ ընդհատումներով տեղացել ամբողջ օրը:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր