«Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան հայտնվել է քաղաքականացման վտանգի տակ»
Քաղաքական
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան հայտնվել է քաղաքականացման վտանգի տակ: Լրագրողների հետ հունիսի 29-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Ինչպես միշտ նմանատիպ սոցիալական ընդվզումները սկսում են ռոմանտիկները, ավարտում են ֆանատիկները: Հասարակությունն ուզում է արագ և շեշտակի փոփոխություններ, որոնք միանգամից չեն կարող լինել. դա անհնար է: Եթե այդքան շատ մարդիկ հայտնվում են փողոցում, ապա բնական է, որ այդ շարժումը վաղ թե ուշ պետք է քաղաքականացվի: Հասարակությունը պետք է հասկանա' արդյոք նա ցանկանում է գնալ շարժման քաղաքականացման ճանապարհով, քանի որ այդ դեպքում ՀՀ իշխանությունների գործողությունները կլինեն այդ իրավիճակին համապատասխան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց նա՝ հավելելով, որ այս շարժման մասնակիցների մի մասը հետապնդում է զուտ քաղաքական նպատակներ:
Նա նկատեց, որ այս լարված իրավիճակից դուրս գալուց հետո, ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական լուծումներ գտնեն նմանատիպ իրավիճակների կրկնությունից խուսափելու համար: «Անհրաժեշտ է բացել քաղաքական դաշտը ընդդիմադիր ուժերի համար և սահմանադրական բարեփոխումների քննարկումներին ավելի ակտիվորեն ներգրավել բոլոր քաղաքական ուժերին, որից հետո բացառված չէ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- շեշտեց Մինասյանը' ընդգելով, այս շարժումը չունի ղեկավարություն, ինչը հղի է լուրջ վտանգով, և այդ պատճառով իշխանությունները չեն կարող գտնել իրենց լուրջ գործընկերոջը, որի հետ հնարավոր լիներ փոխհամաձայնության գալ: «Առաջիկայում դժվար թե լինեն նոր առաջնորդներ, որոնք ողջամիտ գնահատեն ստեղծված իրավիճակը և փորձեն լուծումներ գտնել այս դրությունից»,- պարզաբանեց քաղաքագետը:
Հունիսի 28-ին Բաղրամյան պողոտայից ցուցարարների մի ստված զանգված՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ, լսելով ոստիկանության կոչը, տեղափոխվել է Ազատության հրապարակ՝ պատրաստվելով անժամկետ նստացույցի: Սակայն ցույցի մասնակիցների մի հատված հրաժարվել է Բաղրամյան պողոտան ազատելուց:


















































Ամենադիտված
Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր