Շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ. Ռիչարդ Միլս
Հայաստան
Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում կուսակցության փոխնախագահ և ԱԺ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցած Սահմանադրական հանրաքվեի, նրա բողոքարկման գործընթացի, ընտրակեղծարարներին քրեական պատասխանատվության ենթարկելու, Հայաստանի ընտրական համակարգը վստահելի, թափանցիկ և հանրության կողմից վերահսկելի դարձնելու քայլերի, Ընտրական օրենսգրքի վերափոխման, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, հանրաքվեից հետո ստեղծված նոր քաղաքական զարգացումների հետ կապված հարցեր:
Լևոն Զուրաբյանն իր խոսքում ասել է. «Հայաստանի ներկա ընտրական համակարգն ուղղված է ոչ թե ժողովրդի կամարտահայտության իրականացմանը, այլ գործող իշխանությունների վերարտադրմանը և պետք է համախմբել Հայաստանի քաղաքական ուժերի և հասարակական ու քաղաքական նախաձեռնությունների, ինչպես նաև միջազգային հանրության ջանքերը՝ այդ համակարգն արմատապես փոխելու համար»:
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն իր խոսքում նշել է. «Մեր հանձնառությանը հավատարիմ՝ մենք, հատկապես 2017թ. գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախընթաց, շարունակում ենք աշխատել Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցությունների հետ Հայաստանում ժողովրդավարական զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի ու թափանցիկության առաջընթացի շուրջ»:
Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ դեսպանատան քաղաքատնտեսական բաժնի ղեկավար Մեթյու Յոսենը:


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը