«Ֆեյսբուքը» դարձավ քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր գործիքներից մեկը
Հասարակություն
Հայաստանում «Ֆեյսբուքը» չի դարձել թիվ մեկ սոցիալական ցանց. «Օդնոկլասնիկին» շարունակում է մեր երկրում մնալ առաջատարի դիրքերում: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 4-ին նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Ֆեյսբուքի» ղեկավարությունն անում է ամեն ինչ, որ այդ ցանցից դուրս չգանք: Մենք գործ ունենք մենաշնորհային տիրույթի հետ: Սոցիալական ցանցը բոլոր միջոցներով փորձում է մարդկանց պահել իր մեջ. աշխարհում ամենաշատ լուսանկարները «Ֆեյսբուքում» են, Youtube-ի հետ պայքար է գնում նաև տեսանյութերի հարթակի շուրջ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սամվել Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում «Ֆեյսբուքից» ևս ակտիվ օգտվում են:
«Օդնոկլասնիկին» մեր երկրում օրական մեկ միլիոն ակտիվ այցելու ունի, իսկ «Ֆեյսբուքում» այցելուների թիվն օրական 560 հազարի է հասնում: 2010-ին այն ակտիվ հարթակ դարձավ Հայաստանում: «Ֆեյսբուքն» օգտագործվեց որպես քաղաքացիական հարթակ: Այդ ժամանակ գրանցված մոտ 50 հազար ակտիվ օգտատեր կար»,- շեշտեց Սամվել Մարտիրոսյանը' հավելելով, որ սոցիալական ցանցը դարձավ քաղաքացիական հասարակության զարգացման կարևոր գործիքներից մեկը:
Նրա խոսքով՝ բացասական ազդեցություններից մեկն այն է, որ մեր օգտատերն ինքնուրույն տեղեկատվություն չի փնտրում, ընկալում է այն, ինչ տեղադրում եք սոցիալական ցանցում:
«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանի խոսքով' աշխարհում 1,5 միլիարդ մարդ ակտիվ օգտվում է «Ֆեյսբուքից»:
«Եթե մյուս ցանցերը գումարենք՝ 4 միլիարդի կհասնի: Միայն 2 միլիարդ նկար անցյալ տարի է «Ֆեյսբուքում» զետեղվել: Այն դարձել է մեր իրողության հայելին. դրական, բացասական կողմերն այնտեղ կան: Ամեն ինչ կարող ես «Ֆեյսբուքում» գտնել»,- շեշտեց նա:
Փետրվարի 4-ը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ստեղծման օրն է:
Այն ստեղծվել է 2004 թ. Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուջսը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել «Ֆեյսբուքից»։ Կայքը թարգմանված է ավելի քան 70 լեզվով, այդ թվում՝ հայերեն։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից