Մահացել է դերասանուհի Նորա Արմանիի հայրը
Այլ
Լոս Անջելեսի Բարի Սամարացի հիվանդանոցում օգոստոսի 4-ին մահացել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայտնի դերասանուհի Նորա Արմանիի հայրը' Վարուժան Էքսերջյանը: «Իմ հայրը մեր տան սյունն էր: Նա ոգեշնչում էր մեզ իր հաստատակամությամբ և մարդասիրությամբ: Մենք նրան շատ կկարոտենք»,- «Արմենպրես»-ին ուղղված նամակում գրել է Նորա Արմանին:
Վարուժան Էքսերջյանը ծնվել է Կահիրեում 1923թ. դեկտեմբերի 14-ին՝ Սեփոն Էքսերջյանի և Մարի Ազատյանի ընտանիքում: Ծնողները Եգիպտոս էին տեղափոխվել Ստամբուլից 1912թ.: Վարուժան Էքսերջյանը սովորել է Նուբարյան Հայկական դպրոցում: Երկար տարիներ եղել է Նուբարի Հ.Մ.Ը.Մ բաստկետբոլի թիմի անդամ: Ճարտարապետության և շինարարության կուրսեր է ավարտել Քեմբրիջում: Եգիպտոսում բազմաթիվ հայտնի շինություններ է կառուցել. օրինակ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և բազում այլ կառույցներ Հելիոպոլիսում, Մոկաթամում, Ալեքսանդրիայում: Նա մեծ հումանիստ էր, ով օգնության ձեռք էր մեկնում բոլոր կարիքավորներին: Տարիներ շարունակ եղել է Եգիպտոսում Հայ թեմական բարեգործական կաղզմակերպության նախագահ և մեծ օգնություն է ցուցաբերել Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ փախստական ընտանիքներին: 1986թ. Վարուժանը տեղափոխվել է ԱՄՆ: Իր նախագծերի համար մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում:
Վարուժան Էքսերջյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ ժամը 10:30-ին, Գլենդելի Սուրբ Պետրոս հայկական եկեղեցում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ