Շվեյցարիան ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայում իր դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ
Աշխարհ
Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը ափսոսանք է հայտնել Հյուսիսային Կորեայի՝ Փհենյանում Շվեյցարիայի նորաբաց դիվանագիտական գրասենյակը փակելու որոշման կապակցությամբ։ Բեռնում հայտնել են, որ գրասենյակի ղեկավար Սիլվեն Աստիեն կվերադառնա Պեկինում գտնվող Շվեյցարիայի դեսպանատուն։ Միաժամանակ ընդգծվել է, որ այս որոշումը չի նշանակում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզում։
Հյուսիսային Կորեան նոյեմբերի 25-ին Շվեյցարիայի ներկայացուցչին հայտարարել է անցանկալի անձ և պահանջել 48 ժամվա ընթացքում լքել երկիրը։ Փհենյանի այս քայլը հաջորդել է Շվեյցարիայի՝ Սոնգդովոնի միջազգային մանկական ճամբարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ Բեռնի գնահատմամբ՝ ճամբարը ներգրավված է եղել Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքներից երեխաների տեղափոխման և նրանց նկատմամբ ռուսամետ քարոզչության տարածման ծրագրերում։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ գրասենյակի փակումը չի փոխում երկրի՝ Հյուսիսային Կորեայի հետ երկխոսությունը պահպանելու քաղաքականությունը։ Դիվանագիտական կապերը կշարունակվեն Պեկինում Շվեյցարիայի դեսպանատան և Բեռնում Հյուսիսային Կորեայի դեսպանատան միջոցով։ Շվեյցարիան և Հյուսիսային Կորեան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել դեռևս 1974 թվականին։
Փհենյանում Շվեյցարիայի դիվանագիտական գրասենյակը վերաբացվել էր 2026 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի՝ Հյուսիսային Կորեա կատարած այցի ընթացքում։ Այն գործել էր ընդամենը մի քանի շաբաթ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում