ԱՄՆ իշխանությունները SpaceX-ին թույլատրել են ուղեծիր դուրս բերել 1 մլն արբանյակ՝ տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու նպատակով
Աշխարհ
ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը (FCC) նոյեմբերի 25-ին հավանություն է տվել Իլոն Մասկի SpaceX ընկերության՝ մինչև 1 միլիոն արբանյակ ուղեծիր դուրս բերելու նախագծին։ «Starmind» անվանումը ստացած համակարգը նախատեսված է տիեզերքում տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու համար, որոնք կմշակեն մեծ ծավալի տեղեկություններ՝ արհեստական բանականության և Երկրի վրա գործող թվային համակարգերի կարիքների համար։ Սա ԱՄՆ-ում տիեզերական տվյալների կենտրոնների ցանցի ստեղծման առաջին նման թույլտվությունն է։
SpaceX-ի ծրագրով՝ արբանյակները կտեղակայվեն Երկրից մոտ 500–1002 կմ բարձրության վրա և միմյանց հետ հիմնականում կապ կհաստատեն լազերային կապուղիներով։ Տիեզերքում տեղակայված տվյալների կենտրոնները կօգտագործեն արևային էներգիա, ինչը, ընկերության պնդմամբ, կարող է նվազեցնել Երկրի վրա գտնվող տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի և ջրային ռեսուրսների պահանջարկը։
Հանձնաժողովի թույլտվությամբ՝ SpaceX-ը պետք է առաջին գործող արբանյակը ուղեծիր դուրս բերի մինչև 2033 թվականի նոյեմբերի 25-ը։ Մինչև 2035 թվականը նախատեսվում է տեղակայել 100 հազար արբանյակ, մինչև 2038 թվականը՝ թույլատրված քանակի կեսը, իսկ ամբողջ ցանցի տեղակայման վերջնաժամկետը 2040 թվականն է։ Այսպիսով, թույլտվությունը դեռ չի նշանակում, որ բոլոր 1 միլիոն արբանյակներն անպայման կարձակվեն։
Նախագիծը մտահոգություններ է առաջացրել մի շարք գիտնականների և տիեզերական ոլորտի ընկերությունների շրջանում։ Քննադատները մատնանշում են ուղեծրային գերբեռնվածության, բախումների, տիեզերական աղբի և աստղագիտական դիտարկումների խոչընդոտման ռիսկերը։ Amazon-ը և Viasat-ը նույնպես առարկություններ էին ներկայացրել SpaceX-ի հայտի դեմ։


















































Ամենադիտված
Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում