ԲՀԿ-ն ևս չի մասնակցի գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը
Քաղաքական
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը ևս չի մասնակցի ՀՀ գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը: Գլխավոր դատախազի նշանակման հարցի քննարկման ժամանակ իր ելույթում այս մասին հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, Նաիրա Զոհրաբյանը: «Բարգավաճ Հայաստանը չի մասնակցելու քվեարկությանը: Խոսքը գնում է խմբակցության կուսակցական պատգամավորների մասին: Ես ցանկանում եմ նաև հավելել, որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի քննարկումների ժամանակ մենք առաջարկելու ենք սահմանել, որ այն պատգամավորները, ովքեր չեն կիսելու խմբակցության տեսակետը, վայր դնեն պատգամավորական մանդատները»,- նշեց Զոհրաբյանը:
Միևնույն ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն հետևելու է գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի գործունեությանը և, եթե իրենք նկատեն, որ նա իսկապես լավ է աշխատում, կողջունեն: «Եթե մենք զգանք, որ դուք արդյունավետ պայքար եք մղում արատավոր երևույթների դեմ, մենք դա կողջունենք, կասենք, որ դուք եղաք միակը, որ քանդեցիք այդ արատավոր երևույթների շղթան»,- ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:
Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազի նշանակման հարցը: Գլխավոր դատախազի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը: Գլխավոր դատախազի նշանակման քվեարկությանը չմասնակցելու մասին հայտարարել է նաև ՀԱԿ խմբակցությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ