Կարեն Կարապետյանը «սիգնալներ» կտա
Քաղաքական
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի օրն է: Պատգամավորների հարցերին են եկել պատասխանելու վարչապետը և կառավարության անդամների պաշտոնակատարները:
Պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մի շարք հարցերին՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ փոփոխությունները լինելու են փուլային. «Առաջին փուլում չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են քայլեր, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում իրագործել»:
Նորանշանակ վարչապետը նշեց, որ երկրորդ փուլի համար իրեն պետք է ժամանակ, որպեսզի որոշեն, թե որ ուղղությամբ են տանելու երկիրը. «Սպասելիքները, որ շատ արագ մեր տնտեսությունը կփոխվի, այս պահին ուզում եմ բոլորին հայտարարել, որ նման սպասելիքներ թող չունենան, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,-ասաց Կարապետյանը:
Հարցին, թե նախկին կառավարության ծրագիրը օգտագործելո՞ւ է, թե ոչ, վարչապետը տվեց հակիրճ պատասխան՝ այո:
Իսկ թե որ ուղղությամբ են տնտեսությունը զարգացնելու, պատասխանեց. «Այն ուղղությամբ, որ մենք ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ՝ հավելյալ արժեք ստեղծողների համար: Շատ ընդհանուր կարող է թվալ, բայց այս պահին այսքանը, որովհետև բոլոր ռեյտինգներով երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդն իրեն երջանիկ է զգում»:
Հարցին, թե կառավարություն կազմն ինչպես են ընտրելու, պատասխանեց՝ մաքսիմալ պրոֆեսիոնալ:
Կուսակցական պատկանելիությունը դեր խաղալո՞ւ է, թե չէ. «եթե կարդը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավ է»:
Լավ կադրերի պակաս Կարեն Կարապետյանը տեսնո՞ւմ է, թե չէ, կրկին հակիրճ պատասխան տվեց. «լավ կադրի պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում և, իհարկե, Երևանում»:
Որպես վերջաբան Կարեն Կարապետյանն ասաց. «Արագ փոփոխություններ, որ ասում եմ չի լինելու, չի նշանակում, որ մենք քայլ չենք ձեռնարկելու: Մենք կոնկրետ քայլեր ենք ձեռնարկելու ուղղված և սոցիալական լարվածությանը, և բիզնեսի զարգացմանը, բայց մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, և այս պահին ես կարող եմ ասել, եթե մենք ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել՝ մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք: Ռեալ մեր տնտեսության վիճակը, ազնիվ, բաց ասում եմ, ծանր է, շատ ծանր է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ