Հավերժ բոյկոտելով չէին կարող խնդիր լուծել. Արթուր Բաղդասարյանը` Վանաձորում ՀՀԿ-ի հետ հուշագիր ստորագրելու մասին
Քաղաքական
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը բացատրել է, թե ինչու մեկ տարի «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտելուց հետո որոշում կայացրեցին հուշագիր կնքել ՀՀԿ-ի հետ: ՕԵԿ 15-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Արթուր Բաղդասարյանը նախ պարզաբանեց, որ նման որոշում է կայացրել ոչ թե կուսակցության վարչությունը, այլ Վանաձորի տարածքային կառույցը:
«Հետո մարդիկ չէին կարող հավերժ բոյկոտով խնդիրներ լուծել: Դա մեր կուսակցության տարածքային կառույցի որոշումն էր, որին մենք կողմնակից էինք: Եթե ավագանին պիտի 4 տարի աշխատի, իսկ իրենք, օրինակ, 1.5 տարի բոյկոտում էին, հետո ի՞նչ պիտի անեին, 1.5 տարի էլ բոյկոտե՞ին»,- նշեց Բաղդասարյանը:
Նա հավելեց, որ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցել է իրենց կուսակցության տեղական կառույցը և հենց տեղական կառույցն էլ քվեների տերն է: «Տեղական կառույցն է այդ որոշումը ընդունել, և իրենք էլ գնացել այդ հուշագիրը ստորագրել են, և այսօր աշխատում են Վանաձորի խնդիրները լուծելու համար: Ես այստեղ որևէ վատ բան չեմ տեսնում»,- մանրամասնեց ՕԵԿ առաջնորդը:
Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) կուսակցությունների Վանաձորի տարածքային կառույցներն 2017թ. նոյեմբերի 18-ին համագործակցության հուշագիր են կնքել՝ «քաղաքի կառավարման համամասնորեն և համատեղ պատասխանատվությունը ստանձնելու մասին»։ Համաձայնագրի ստորագրումից հետո ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն ավագանու կողմից ընտրվեց Վանաձարի փոխքաղաքապետի պաշտոնում: Մինչ հուշագրի ստորագրումը ՀՎԿ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը և ԲՀԿ-ն բոյկոտում էին Վանաձորի ավագանու նիստերը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը