Սահմանադրական հայբուդուր. արար 1
Քաղաքական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին։
Խոսելով արդարադատության համակարգի և առկա բացթողումների մասին՝ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր խոսքն ավելի պատկերավոր դարձնելու համար ներկաներին ցույց տվեց Ֆեմիդայի և 3 կմախքի նկարներ՝ ասելով, որ իրենք ուզում էին արդարադատություն, սակայն փոխարենը ստանում են դատական համակարգ, որը ոչինչ չի տեսնում, ոչինչ չի խոսում, ոչինչ չի լսում։
«Այսօր այստեղ տեղի է ունենում Սահմանադրական հայբուդուր. արար 1։ Ես ուզում էի մեր հարցադրումներով ճշտել բարձրագույն դատական խորհրդի անդամների հարաբերությունը ճշմարտության հետ։ ՀՀ արդարադատության պրոբլեմը ոչ Քրեական դատավարության օրենսգիրքն ա, ոչ Քրեական օրենսգիրքն ա, ոչ ընթացակարգերը, ոչ սանկցիան։ Պրոբլեմը մեր դատական համակարգի ճշմարտության հարաբերության մեջ ա։ Մեր դատական համակարգը ստահոդ, ճշմարտությունը կոծկող դատական համակարգ ա»,-հայտարարեց Փաշինյանը։
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ֆեմիդա-շոուից հետո դժվար է բովանդակային քննարկում անցկացնել և հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերն, ըստ որի, մենք պարտավոր չենք իրար սիրել, բայց պարտավոր ենք իրար հանդուրժել։
Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ վարչապետի ընտրության հարցին և նշեց, որ ակնհայտ է, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում՝ մեզ արդեն հայտնի՝ սղացնելու մեթոդով․ «Ապրիլի 16-ի երեկոյան Սերժ Սարգսյանին կառաջադրեն վարչապետի պաշտոնում և հաջորդ օրն առավոտյան կընտրեն այնպես, որ ոչ ոք չհասկանա՝ ինչ կատարվեց»,-ասաց նա՝ դա որակելով ամենամեծ խաբեությունը։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը