Փաշինյանը կառավարության ամենակարևոր հարցը համարում է պետական կառավարման որակի բարձրացումը
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարության առաջին ամենակարևոր հարցը համարում է պետական կառավարման որակի բարձրացումը: ՀՀ վարչապետն այս մասին ասաց Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Առաջին ամենակարևոր հարցը պետական կառավարման որակը բարձրացնելն է: Տեսեք, մենք ասում ենք կոռուպցիա, չէ՞: Մենք կոռուպցիան ընկալում ենք որպես փող աշխատելու վատ համակարգ: Բայց իրականում կոռուպցիան նաև կառավարման համակարգ է: Հիմա երկու զուգահեռ օրինակ բերեմ նախկինում կոռումպացված չինովնիկի և այսօր պետական կառավարման համակարգում աշխատող այդ նույն չինովնիկի, ով հիմա գիտի, որ ինքը չպետք է կոռուպցիայով զբաղվի, որովհետև հակառակ դեպքում կձերբակալվի, կդատվի: Նախկինում, երբ որևէ թղթապանակ հայտնվում էր իր սեղանին, ինքը գիտեր, որ այդ թղթապանակը արագ տանի, պտտի, ստորագրած հետ բերի, դրա արդյունքում ստանալու է, օրինակ, 100 դոլար: Եվ դա իր համար շատ կոնկրետ խթան էր, որ ինքը գնա, արագ կարգավորի, գրի, բերի, այն, ինչը պակաս է, դնի մեջը: Հիմա թղթապանակը իր սեղանին է, ինքը նստած է, ասում է՝ բայց ես մեջը ի՞նչ ունեմ: Ու թղթապանակները այդպես ամիսներով մնում են սեղաններին, որովհետև ինքը շահագրգռություն չունի, մի բան էլ նեղված է, որ այս կառավարությունը կամ այս վարչապետը փակել է իր կողմնակի եկամտի ճանապարհը: Հիմա մեր խնդիրն այդ թղթապանակի արագ շրջանառության հարցը լուծելն է: Բայց ինչպե՞ս սա լուծել: Քանի որ Հայաստանում ընտրությունների արդյունքները միշտ կեղծվել են, և որպեսզի թիմեր, ձայներ հավաքեն, լիքը մարդ ընդունվել է աշխատանքի՝ ելնելով նախընտրական տարբեր նպատակահարմարություններից: Այդ մարդիկ պրոֆեսիոնալ չափանիշներին չեն համապատասխանել, ոչ մի բանի չեն համապատասխանել, իրենք ուղղակի այդտեղ ընդունվել են գործի, և իրենք շարունակում են այդտեղ մնալ գործի: Պետական կառավարման համակարգում կան նաև լավ մասնագետներ, բայց այս լավ մասնագետները ունեն պրոբլեմ: Այն աշխատավարձը, որ հիմա պետությունը իրենց վճարում է, շատ ցածր է, և իրենք կարող են շատ ավելի բարձր աշխատավարձով աշխատել մասնավոր սեկտորում: Լավ մասնագետները պետական կառավարման համակարգից գնում են, որովհետև մի ժամանակ կողքից փող էին տալիս, հիմա չեն տալիս»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս հարցը լուծելու համար հարկավոր է բարձրացնել աշխատավարձը: «Բայց եթե մենք հիմա բարձրացրենք աշխատավարձը, կստացվի, որ մենք այս ամբողջ ուռճացված կառավարման համակարգի աշխատավարձը բարձրացնում ենք, բարձրացնում ենք նաև նրանց աշխատավարձը, ովքեր այդտեղ ընդհանրապես պետք է չլինեին: Մենք կրճատեցինք նախարարությունների թիվը, հաջորդ փուլով պետք է կարողանանք տարբերակել լավ աշխատողներին վատ աշխատողներից, վատ աշխատողներին հեռացնենք համակարգից, որպեսզի նրանց հեռացման արդյունքում խնայված միջոցներով բարձրացնենք լավ աշխատողների աշխատավարձը: Սա մեր ամենակարևոր մարտահրավերն է: Եթե մենք պետական կառավարման որակը բերենք պատշաճ մակարդակի, կարող է պարզվի, որ մենք ուրիշ ոչ մի խնդիր չունենք, որքան էլ դա տարօրինակ թվա»,- ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ համարում է, որ մեր տնտեսության մեջ խնդիր չունենք, որովհետև մեր տնտեսությունում շատ լավ, դրական դինամիկա է նկատվում: «Եվ մեր տնտեսության շուրջ միջազգային կառույցների կանխատեսումներն անգամ անընդհատ փոխվում են դեպի դրական, և մենք այս տարի արդեն սպասում ենք, որ տարվա արդյունքներով մեր տնտեսական աճը կլինի 6.9-7 տոկոս: Սա շատ լավ ցուցանիշ է, սակայն սա այն խնդիրը չէ, ինչ մենք մեր առաջ դրել ենք: Աշխատանքային մակարդակում մեր առաջ խնդիր է դրված, որ մեր տնտեսական աճը պետք է լինի 8 տոկոս, 9 տոկոս, 10 տոկոս: Երկնիշ պետք է լինի տնտեսական աճը, որպեսզի մենք մեր կորցրածը հետ բերենք»,- մանրամասնեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ պետական կառավարման համակարգի որակը փոխելու քայլ կլինի նաև հանրային ծառայությունների թվայնացման խնդրի լուծումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն