«Ժողովուրդ». Կարագի գները միջազգային շուկայում բարձրացել են
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում դեկտեմբերի 1-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 3.9 դոլարով:
Այն նոյեմբերի 17-ի դրությամբ կազմել է 3.8 դոլար, բայց սեպտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 3.2 դոլար:
Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3740-3750 դրամով:
Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 7.1 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 3.2 դոլարով ավելի: Սակայն, ըստ մասնագետների, չի բացառվում, որ առաջիկայում կարագի գինը դարձյալ բարձրանա:
Բանն այն է, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ, ինչպես հայտնի է, թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Ի դեպ, Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 515-516 դրամ է, վաճառքինը՝ 520-522 դրամ»: