«Ժողովուրդ». Ինչու Բաբկեն Թունյանը հայտնվեց լուսանցքում
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանության ներսում այս օրերին քննարկվում է այն հարցը, որ իշխանական խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնվել է լուսանցքում: Բանն այն է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է ղեկավարեր Թունյանը, բայց ընդդիմությունն այն վերցրել է իր ձեռքը: Մեր աղբյուրները նշում են, որ ներքին պայմանավորվածություն է եղել, որ եթե Թունյանի հանձնաժողովը «վերցնեն», ապա վերջինս կղեկավարի ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն օգոստոսի 6-ին ԱԺ ՔՊ խմբակցությունը անակնկալ նիստ է արել ու կրկին որոշել են հանձնաժողովի նախագահ ընտրել, որտեղ առաջադրվել է նաեւ Բաբկեն Թունյանը, բայց ընտրել են Սիսակ Գաբրիելյանին:
Խմբակցության մեր աղբյուրները նշում են, որ այդ ամենի ստվերային կազմակերպիչը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է եղել, որը իր ՀԿ սեկտորի նախկին ներկայացուցիչներին հորդորում է ընտրել Սիսակ Գաբրիելյանին, ինչի հետեւանքով Թունյանը հայտնվել է լուսանցքում: Ու հիմա խմբակցության ներսում քննարկում են, որ Թունյանն արժանի չէ, որ շարքային պատգամավորի կարգավիճակում մնա, ու ելքեր են փնտրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցը հասցնելու ու լուծում տալու համար: