«Ժողովուրդ». Կճոյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 15-ին հայտարարություն տարածեց, որ քրեական գործերից մեկի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արքեպիսկոպոս Կճոյանին, շուրջ 8 տարվա պատմություն ունի։ Խոսքը տարիներ առաջ բացահայտված, սկանդալային հայտնի գործերից մեկի՝ Կիպրոսի օֆշորային գործի մասին է, որի շրջանակներում նշվում էր նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։
Գործարար Փայլակ Հայրապետյանը նրանց մեղադրում էր իրեն ունեզրկելու համար։ Այս գործով որպես մեղադրյալ էր ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը, դատական նիստերից մեկի ժամանակ նշել էր, որ Նավասարդ Կճոյանն իր կնքահայրն է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը օֆշորային սկանդալի գործով մի քանի անգամ հրավիրվել է ԱԱԾ եւ առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչել իրեն՝ այն որակելով անհիմն եւ շինծու: Եվ, ահա, երկու տարի անց գործը կարճվեց»: