Օդեսայի նավահանգստի ռազմական օբյեկտներին հարվածելը չպետք է ազդի հացահատիկի առաքման վրա. Պեսկով
ԱշխարհՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Օդեսայի ծովային նավահանգստին ռուսական հարվածը չպետք է ազդի Ստամբուլի համաձայնագրերով հացահատիկի բեռնափոխադրումների մեկնարկի վրա։ Նրա խոսքով՝ հարվածը հասցվել է բացառապես ռազմական ենթակառուցվածքին, գրում է Ռիա Նովոստին։
«Սա ոչ մի կերպ կապված չէ այն ենթակառուցվածքի հետ, որն օգտագործվում է պայմանավորվածությունների կատարման և հացահատիկի արտահանման համար։ Ուստի, դա չի կարող և չպետք է որևէ կերպ ազդի առաքման գործընթացի մեկնարկի վրա»,- ճեպազրույցում ասել է Կրեմլի խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը Օդեսայի նավահանգստում խոցել է ռազմական նավը և ամերիկյան Harpoon հրթիռների պահեստը։
Հուլիսի 22-ին Ռուսաստանը փաստաթղթեր է ստորագրել ՄԱԿ-ի և Թուրքիայի հետ «ապրանքային գործարքի» վերաբերյալ, որը ներառում է արտահանման համար ռուսական գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի մատակարարման սահմանափակումների վերացում և Օդեսայի և մյուս արգելափակված նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի արտահանման դյուրացում։ Առանձին-առանձին Ուկրաինան ստորագրել է համաձայնագրի իր մասը Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ։