Այս գործելաոճը չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների մասին
ՀայաստանԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որտեղ ընդգծվում է, որ այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին` ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: