Թուրքիան ցանկանում է վերածնել Օսմանյան կայսրությունը. Դենդիաս
ԱշխարհՀունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ Թուրքիան փորձում է վերածնել Օսմանյան կայսրությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա բացատրել է, որ սկսել են հայտնվել քարտեզներ, որոնցում հունական կղզիները նշված են որպես թուրքական: «Թուրքական կողմը պնդում է, որ այդ կղզիները գտնվում են Հունաստանի օկուպացիայի տակ։ Շարունակ հայտարարում է, իսկ վերջերս՝ ավելի հաճախ, որ «կարող են հանկարծակի ներխուժել այդ կղզիներ»,- հիշեցրել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը։
Դենդիասը նաև մատնանշել է, որ Էգեյան ծովի կղզիների հակառակ կողմում են գտնվում «Եվրոպայի ամենամեծ դեսանտային նավատորմը և թուրքական բանակը»։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան խոստացել էր օգնել Հունաստանին ու Կիպրոսին նրանց ազգային ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն էլ հայտնել է Սպիտակ տան դիրքորոշումը Հունաստանի ինքնիշխանությանը Էգեյան ծովի կղզիների նկատմամբ:
Նրա խոսքով՝ պետքարտուղարությունն ընդգծել է, որ «բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն և պաշտպանվեն, իսկ Էգեյան ծովի այդ կղզիների նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դրվում»: