Իգոր Խովաևն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
Աշխարհ2022 թվականի սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ օրակարգի հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտները և այդ համատեքստում ձեռնարկված քայլերը, վստահության ամրապնդման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև մտքեր փոխանակել այս գործընթացի հեռանկարների վերաբերյալ։
Ընդգծվել է նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների դրույթների, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը՝ տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն ապահովելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տարածաշրջանային հարցեր։