ՌԴ-ի հասցրած ծանրագույն հարվածի հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել ու ջրազրկվել է Խարկովը․ նոր մանրամասներ
ԱշխարհՎերջին օրերին ռազմաճակատից ստացվող լուրերում գերիշխում է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Ուկրաինայի բանակը որոշակի հաջողություններ ու առաջընթաց է գրանցում․ մասնավորապես՝ Խարկովում, Խերսոնում և հարակից շրջաններում։
Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա, ի՞նչ տրամադրություններ են Ուկրաինայում․
«Այո, վերջին մի քանի օրերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը ցուցաբերեցին բացառիկ արիություն և նախապես պլանավորած հակահարձակողական օպերացիայի շնորհիվ հաջողվեց գրեթե ամբողջությամբ Խարկովի մարզն ազատագրել ռուսական ուժերից»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին ասաց Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, Ուկրաինայի ժողովրդի ուրախության և ոգևորության ֆոնին Ռուսաստանը երեկ երեկոյան ծանրագույն հարված հասցրեց Խարկովի կրիտիկական ենթակառուցվածքներին, ինչի հետևանքով գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվեց և ջրազրկվեց Խարկովը, հարակից որոշ շրջաններ:
«Սակայն կոմունալ աշխատակիցներն անմիջապես անցան գործի և կարողացան մասնակիորեն վերականգնել էլեկտրամատակարարումը: Չնայած այս ամենին, Ուկրաինայի ժողովուրդը տրամադրված է մարտական և վճռական` ազատագրելու իր երկիրը»,-նշեց պաշտոնյան:
Արա Ալոյան