Իսրայելը հայտարարել է, որ Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը
ԱշխարհԻսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իրանը մոտենում է միջուկային զենքի ստեղծմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ Թեհրանի համապատասխան ցանկությունը հաստատում են իսրայելական հետախուզության տվյալները։
«Իրանը ոչ միայն կարողություններ և ենթակառուցվածքներ է կուտակել, այլ նաև գիտելիքներ է ձեռք բերել, և դա անշրջելի է։ Մեր գնահատականներով, եթե Իրանը որոշի դա անել, ապա մի քանի շաբաթվա ընթացքում կարող է ձեռք բերել երեք նշանակալի քանակությամբ [միջուկային նյութ] կամ բավականաչափ տրոհվող նյութ` հարստացված մինչև 90%, միջուկային զենքի համար»,- ասել է Գանցը։
Ինչպես նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը, Իրանի կողմից միջուկային զենքի հնարավոր ձեռքբերումը լուրջ հետեւանքներ կունենա ոչ միայն Մերձավոր Արեւելքի, այլեւ ողջ աշխարհի համար։ Գանցի խոսքով՝ դա Թեհրանին թույլ կտա ապահովել «ահաբեկչություն արտահանելու» իր փորձերը։
«Տարածաշրջանում դա կհեշտացնի Իրանին հետամուտ լինել հեգեմոնիա հաստատելու իր հավակնություններին՝ միաժամանակ սկսելով միջուկային սպառազինությունների մրցավազքը: Իսրայելի համար դա կստեղծի էկզիստենցիալ սպառնալիք, որը մենք երբեք չենք ընդունի»,- եզրափակել է Գանցը: