Ռուսաստանը Ադրբեջանի երեք խոշոր գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
Նրա խոսքով, այս տարվա հունվարից հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,67 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,9 տոկոսով։
«Ռուսաստանը Ադրբեջանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերների եռյակում է։ Ռուսական արտահանման հիմնական ապրանքներն են պարենային ապրանքները, մեքենաները, սարքավորումները և փայտն ու մետաղները», - ասել է Գոնչարը։ Նա նշել է, որ Ռուսաստանն առաջատար է ադրբեջանական ոչ նավթային ապրանքների ներկրմամբ՝ հանդիսանալով ադրբեջանական գյուղմթերքի ամենամեծ սպառողը։
«Ռուսական ներդրումներն Ադրբեջանում հասնում են 4,5 միլիարդ դոլարի, ադրբեջանական ներդրումները Ռուսաստանում՝ 1,5 միլիարդ դոլարի»,- հավելել է դիվանագետը։
Գոնչարը նաև նշել է, որ ներկայումս իրականացվում են համատեղ առաջատար նախագծեր, մասնավորապես, «Ռուսական ուղղաթիռներ» ՓԲԸ ուղղաթիռների սպասարկման կենտրոնը, իսկ «Գազպրոմը», «Ռոսնեֆտը», «Լուկօյլը», «Տրանսնեֆտը» զբաղվում են ադրբեջանական ածխաջրածինների որոնմամբ, արտադրությամբ, փոխադրմամբ և մատակարարմամբ։