Վրաստանն արձագանքել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու Կիևի կոչերին
ԱշխարհՎրաստանի իշխանությունները, Ուկրաինայի ներկայացուցիչների՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու կոչերից հետո, պատրաստ են հանրաքվե անցկացնել՝ պարզելու համար բնակչության դիրքորոշումն այս հարցում, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի Առաջին ալիքի եթերում։
«Մենք կարող ենք հարցում անցկացնել՝ ուզո՞ւմ են մարդիկ Վրաստանում երկրորդ ճակատ բացել, թե՞ ոչ»,- ասել է քաղաքական գործիչը։
Միաժամանակ, Կոբախիձեն ընդգծել է, որ պաշտոնական Թբիլիսին չի պաշտպանում «երկրորդ ճակատի» գաղափարը։ Որոշումը, նրա խոսքով, պետք է մնա ժողովրդին։ «Եթե մարդիկ ցանկանան, մենք կարող ենք հետո միասին քննարկել այդ հարցը, եթե ոչ, ապա մենք պետք է այլ ընտրություն կատարենք և հավատարիմ մնանք արդեն իսկ ընդունված որոշմանը»,- ասել է «Վրացական երազանքի» նախագահը։
Կոբախիձեն հիշեցրել է, որ ավելի վաղ Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ Վրաստանին բազմիցս մատնանշել են, թե որքան ցանկալի է իրենց համար երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։