Իշխանական պատգամավորը Փաշինյանին առաջարկեց իրենց հսկողության տակ վերցնել մեդիադաշտը
Քաղաքական
Չնայած հայ-ադրբեջանական սահմանին ծայրահեղ լարված իրադրությանը եւ արդեն 105 զոհ ունենալու մասին պաշտոնական տեղեկությանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան պատգամավորներ, որոնց այս պահին էլ մտածում են մեդիայի ազատությունները սահմանափակելու մասին։
«Մենք մեդիադաշտում այսքան պարտություն ենք կրում։ Ի՞նչն է պատճառը, որ մենք չենք կարողանում մեդիադաշտի այս խառնաշփոթը մեր իրական հսկողության տակ բերել»,- Նիկոլ Փաշինյանից Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Եթե նկատի ունեք ապատեղեկատվությունը, ապա այն միշտ է խնդիր։ Մեր պատկերացրած լուծումը լսարանի մեդիագրագիտության մակարդակը բարձրացնելն է, որ մարդիկ կարողանան ճիշտ տեղեկությունը սխալից տարբերել։ Մեդիադաշտն ինքը խառնաշփոթ երեւույթ է։ Պետք է հասկանալ, թե կարգավորել ասելով ինչ նկատի ունեք։ Հատկապես, երբ կան սոցցանցերը, յուրաքանչյուր մարդ լրատվության աղբյուր է։ Վստահ եմ՝ եթե որեւէ դեպքում գործ ունենք օրենքի խախտման հետ, մեր իրավապահ մարմիններն անպայման կարձագանքեն եւ արձագանքում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի ուշ, մեկ այլ պատգամավորի հարցին պատասխանելու ժամանակ Փաշինյանը վերադարձավ այս հարցին, նշեց, որ թշնամու քարոզչությունը տարածող լրատվամիջոցները պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։
«Ակնհայտ է, որ հաճախ մեր լրատվական դաշտում հայտնվում են թշնամական քարոզչության դրույթներ «յան»-ով ավարտվող ազգանուն ունեցող մարդկանց անունից։ Մենք արդյոք պե՞տք է այդ մարդկանց պատժենք թշնակաման քարոզչություն անելու համար, միանշանակ եւ աներկբա, այո՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության սահմանված կարգով»,- հայտարարեց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)