Փաստաբանների պալատն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի հրդեհից զոհված զինվորների ընտանիքներին
ԻրավունքՀՀ փաստաբանների պալատը ցավակցում է հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին և հայտնում իր զորակցությունը։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակը, օրենքով սահմանված իր գործառույթներին համապատասխան, հանձնառու է անվճար իրավաբանական օգնություն տրամադրել հրդեհի հետևանքով տուժած պարտադիր ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ Հանրային պաշտպանի գրասենյակ (Երևան, Զաքյան 7-2), այլ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-604605 հեռախոսահամարով»,-նշվում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայության հայտարարության մեջ։