Ծովում կորած տղամարդը երեք շաբաթ կետչուպ է կերել և ողջ մնացել
ԱյլՕվկիանոսում կորած՝ Դոմինիկյան Հանրապետության բնակիչը ավելի քան երեք շաբաթ ողջ է մնացել զբոսանավի վրա՝ ուտելով լոլիկի կետչուպ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։
54-ամյա Էլվիս Ֆրանսուան անցած տարվա դեկտեմբերին կորել էր օվկիանոսում՝ Սեն Մարտինի ափերի մոտ։ Տղամարդը վերանորոգում էր նավը, երբ սկսվեց փոթորիկը։ Նա 24 օր մնացել էր բաց ծովերում: Այս ամբողջ ընթացքում նա կերել էր կետչուպ, որը խառնել էր ջրի, սխտորի փոշու և բուլյոնի խորանարդիկների հետ։ Բացի այդ, նա անձրեւաջուր էր հավաքել կտորի միջոցով։
Ֆրանսուան զբոսանավի վրա փորագրել էր «Օգնություն» բառը՝ օդանավերի ուշադրությունը գրավելու ակնկալիքով, սակայն նրան ոչ ոք չէր նկատել։ Տղամարդը չէր կարողացել գրավել անցնող նավերի անձնակազմի ուշադրությունը նույնիսկ նավի վրա բռնկված հրդեհի օգնությամբ։ Բացի այդ, մի անգամ դոմինիկացին ստիպված է եղել ցած նետվել նավից, որպեսզի այն չխորտակվի, քանի որ զբոսանավում սկսել էր ջուր լցվել:
Ի վերջո, Ֆրանսուան կարողացել է հայելու միջոցով ազդանշան տալ իր վրայով թռչող ինքնաթիռի անձնակազմին։ «Վերջին օրերին՝ հունվարի 15-ի մոտ, ինքնաթիռ տեսա։ Ես ունեի հայելի և սկսեցի ազդանշան տալ դրանով: Նրանք երկու անգամ թռան զբոսանավի վրայով, և ես հասկացա, որ նրանք ինձ նկատել են։ Ես նրանց եմ երախտապարտ, որ այժմ ողջ եմ», - ասել է տղամարդը:
Նշվում է, որ Ֆրանսուային օգնության են հասել Կոլումբիայի ռազմածովային ուժերի փրկարարները։
Ընդհանուր առմամբ տղամարդը բաց ծովում անցկացրել է 24 օր։ Այս ընթացքում նա ոչ մեկի հետ չի խոսել ու չգիտեր ինչ անել։ Նա գաղափար չուներ, թե որտեղ է գտնվում։ «Դժվար էր։ Ինչ-որ պահի հույսս կտրվեց: Ես մտածում էի ընտանիքիս մասին»,- ասել է դոմինիկացին։