Ելփինում ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել կնոջը, այնուհետև խփել է 17-ամյա դստեր դեմքին
ԻրավունքՀունվարի 24-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել Ելփին գյուղի 36-ամյա մի բնակչուհի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նա հայտնել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ամուսինը բռունցքով հարվածներ է հասցրել իրեն, այնուհետև բռունցքով խփել է 17-ամյա դստեր դեմքին՝ պատճառելով վնասվածքներ:
39-ամյա տղամարդը նաև սպառնացել է, թե կսպանի կնոջը, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանից ննջասենյակում մեկ անգամ կրակել է:
39-ամյա տղամարդը ժամը 22.00-ին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Նրա նկատմամբ կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում՝ 20-օրյա ժամկետով:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: