ԱՄՆ-ն հրաժարվում է Չինաստանին վերադարձնել խոցված օդապարիկի բեկորները
ԱշխարհՍպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում Չինաստանին վերադարձնել խոցված օդապարիկի բեկորները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«[Բեկորները] վերադարձնելու նման մտադրություններ կամ ծրագրեր չկան», - ասել է նա:
Քիրբիի խոսքով՝ ԱՄՆ-ն նախատեսում է ուսումնասիրել օդապարիկի բեկորները, քանի որ «սա հրաշալի հնարավորություն է ավելի լավ հասկանալու դրա հնարավորությունները»։
Փետրվարի 5-ին ամերիկացի զինվորականները խոցել էին չինական օդապարիկը, որը մի քանի օր սավառնում էր ԱՄՆ տարածքի վրա։ Պենտագոնը կործանված օդապարիկն անվանել է լրտեսական սարք, մինչդեռ Չինաստանը հայտարարել է, որ օդապարիկը քաղաքացիական զոնդ է և պատահաբար է հայտնվել ԱՄՆ-ի վրա։
Դրանից հետո Չինաստանի փոխարտգործնախարարն ասել էր, որ օդապարիկի առնչությամբ ԱՄՆ-ի գործողությունները վնասել են երկու երկրների հարաբերությունների կայունացման գործընթացը։