Համաշխարհային բանկը որոշել է Հնդկաստանին 1,5 միլիարդ դոլար հատկացնել
ԱշխարհՀամաշխարհային բանկը համաձայնել է Հնդկաստանին 1,5 միլիարդ դոլար հատկացնել էկոլոգիապես մաքուր էներգիայի զարգացման համար։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
Հնդկաստանը ստիպված կլինի մեծացնել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը։ Երկիրը նախատեսում է մինչև 2030 թվականը կառուցել 500 գիգավատ ընդհանուր հզորությամբ նման օբյեկտներ։ Նաև բանկի կողմից տրված գումարները պետք է օգնեն իրականացնել «Կանաչ ջրածին» ազգային ծրագիրը, որի նպատակն է 100 միլիարդ դոլարով խթանել մասնավոր ներդրումները ցածր ածխածնային էներգիայի ոլորտում մինչև 2030 թվականը:
Բանկը պարզաբանել է, որ Հնդկաստանում մեկ շնչի հաշվով էներգիայի սպառումը համաշխարհային միջինի միայն մեկ երրորդն է, սակայն կանխատեսել է, որ դրա օգտագործումը կաճի երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց։ Հնդկաստանի կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը կրճատել ածխածնի արտանետումները տարեկան 40 միլիոն տոննայով և մինչև 2070 թվականը հասնել ածխածնային չեզոքության: