Բլինքենը քննադատել է Լավրովին
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ջակարտայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովից չի լսել ուկրաինական հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման փոփոխության մասին որևէ խոսք, այն անվանել է «անարդյունավետ» և ոչ «կառուցողական»։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բլինքենը նշել է, որ «կա զգալի տարբերություն, թե ինչի վրա ենք մենք (ԱՄՆ) կենտրոնացած... և թե ինչ ենք լսել նախարար Լավրովից»:
Պետքարտուղարը նշել է, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի և շատ այլ պետությունների, Լավրովը «կենտրոնանում է բացառապես բացասական համատեքստի ու օրակարգի վրա և իրականում վերագրում է ամերիկյան կողմին աշխարհի ցանկացած խնդիր»։
Մինչ այս ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը ագրեսիվ է արձագանքել Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ֆորումում իր՝ Ուկրաինայից ռուսական ուժերը դուրս բերելու կոչին։