Ռուսաստանը դեմարշ է հայտնել Բաքվին. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՄոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտնել Բաքվին՝ կապված Ռուսաստանի նոր շրջաններում ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։
Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի նոր շրջաններում տեղի ունեցած ընտրությունները իրավական ուժ չունեն։
«Սրանք անընդունելի գնահատականներ են, և դրանք չեն համապատասխանում մեր երկրների հարաբերությունների դաշնակցային մակարդակին։ Ուստի ադրբեջանական կողմին դիվանագիտական դեմարշ է իրականացվել»,- պարզաբանել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան ընդգծել է, որ ԱԳՆ-ն ելնում է նրանից, որ Բաքուն Ռուսաստանի տարածքային ամբողջականության հարցին պետք է վերաբերվի նույն հարգանքով, ինչ ակնկալում են, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։