Իրանը ռազմական տեխնիկա չի կուտակում Ադրբեջանի հետ սահմանին․ Բաղերին՝ Հասանովին
ԻրանԱդրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուհամմեդ Հոսեյն Բաղերիի հետ։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով, կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի և անվտանգության հետ կապված հարցերի շուրջ։
«Բաղերին ընդգծել է, որ որոշ ուժերի կողմից տարածված կեղծ տեղեկությունը, թե Իրանը կենդանի ուժ և զինտեխնիկա է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին և տարբեր զորավարժություններ է անցկացնում, իրականում որևէ հիմք չունի։ Նա նշել է, որ նման տեղեկության տարածումը նպատակ ունի վնասել մեր երկրների միջև գոյություն ունեցող բարեկամությանը և բարիդրացիական հարաբերություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում Հասանովն ու Բաղերին քննարկել են նաև Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։