Հայաստանի և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական կապերը կզարգանան. գործարար համաժողով կանցկացվի
ՔաղաքականԵգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Կահիրեի առևտրային պալատի նախագահի առաջին տեղակալ Շերիֆ Յահյան քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները։ Այս մասին գրված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
«Ընդգծելով երկու երկրների գործարարների միջև նոր կապերի ձևավորման և փոխադարձ ներդրումներ ներգրավելու կարևորությունը՝ զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքներ իրականացնել 2024թ․ փետրվարին Կահիրեում նախատեսվող Հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի շրջանակներում գործարար համաժողով անցկացնելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ քննարկվել է երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։