Որոշ խմբեր խուճապային տրամադրություններ էին մտցնում․ խոսվում էր նրա մասին, որ 3 օր ժամանակ է տրված․ Հարությունյան
ՔաղաքականՄի քանի անգամ հայտարարություններով հանդես է եկել Արցախի կառավարությունը, որ սկզբնական շրջանում իրականացնելու ենք այն բնակավայրի բնակիչների տարհանումը, որոնք հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնուհետև նաև, ըստ անհրաժեշտության, Ստեփանակերտ քաղաքի մեր բնակիչերին։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը։
«Բայց քանի որ էլեկտրաէներգիայի մատակարարում չկար, կապը խափանված էր, մենք չէինք կարողանում պատշաճ ձևով այդ տեղեկատվությունը ներկայացնել մեր հանրությանը։ Նաև կային որոշ խմբեր, որոնք խուճապային տրամադրություններ էին մտցնում, խոսվում էր նրա մասին, որ 3 օր ժամանակ է տրված, ովքեր հասցնեն տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, կհասցնեն, ովքեր չէ՝ կմնան, այնուհետև երկրորդ տեղեկատվությունը, որ 30,000-ին չեն թողնելու դուրս գալ։ Մենք անընդհատ փորձում էինք այդ տեղեկությունները հերքել, փորձել ներկայացնել, որ խուճապի մատնվելու կարիք չկա, բայց, ցավոք սրտի, դա այդքան էլ չէր ստացվում»,- նշեց նա։