ՀԷՑ-ը առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել․ տեղաբաշխողն Ամերիաբանկն է
ՀայաստանԴեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պարտատոմսերի թողարկման հանդիսավոր արարողությունը։
Ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել Հայաստանի կապիտալի շուկայում՝ 32 մլրդ դրամի չափով, 11.4% տոկոսադրույքով, 3 տարի մարման ժամկետով և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:
Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն է: Պարտատոմսերի թողարկման նպատակը ընկերության վարկերի վերաֆինանսավորումն է, ինչպես նաև ներդրումային ծրագրի շարունակականության ապահովումը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:
Պարտատոմսերի հիմնական պոտենցիալ ներդրողները հայկական բանկերն ու կենսաթոշակային հիմնադրամներն են, սակայն, միևնույն ժամանակ, պարտատոմսերի ձեռքբերման գործընթացն առավելագույնս պարզեցված է ֆիզիկական անձ ներդրողների համար. յուրաքանչյուր ցանկացող կարող է ամբողջությամբ օնլայն ու ավտոմատացված եղանակով ՀԷՑ-ի պարտատոմսեր գնել՝ օգտվելով MyAmeria հավելվածի My Invest հարթակից:
Ակնկալվում է, որ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո, պարտատոմսերը կունենան նաև ակտիվ և խորը երկրորդային շուկա՝ շնորհիվ արդեն իսկ ձևավորված դիվերսիֆիկացված ներդորղների բազայի, պարտատոմսերի աննախադեպ մեծ ծավալի և պրոֆեսիոնալ շուկա ստեղծողների:
«Ամերիաբանկը ՀԷՑ-ի հետ ունի բազմամյա համագործակցություն, սա ևս շատ կարևոր է, քանի որ այս անգամ փաստացի Հայաստանի ամենախոշոր պարտատոմսերի թողարկումն է տեղի ունենալու, որի ծավալը 32 մլրդ դրամ է կազմելու: Շատ հատկանշական է, որ թողարկումը լինելու է ՀՀ դրամով: Մենք, որպես թողարկման աջակից, վարելու ենք այդ գործընթացը, լինելու ենք շուկայի ստեղծող, ապահովելու ենք երկրորդային շուկան: Շատ մեծ հույսեր ունենք, որ դրանով կնպաստենք կապիտալ շուկաների էլ ավելի զարգացմանը», -նշեց Ամերիաբանկ-ի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:
Իր հերթին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը նշեց, որ Հայաստանի ֆինանսական շուկայում սեփական պարտատոմսերի տեղաբաշխումը կնպաստի ֆինանսական շուկայի զարգացմանը․
«Կարծում եմ՝ այն կխթանի դրա առանցքային մասնակիցների ավելի սերտ փոխգործակցությունը։ Կայունության երաշխիքներն են՝ կայուն, կայացած և թափանցիկ կարգավորման դաշտը, ծախսերի և ներդրումների փոխհատուցման երկարաժամկետ մեխանիզմները, կանխատեսելի և հաշվարկելի դրամական հոսքերը, էլեկտրաէներգիայի ծավալների փոփոխությամբ պայմանավորված ռիսկի բացակայությունը»,-նշեց նա:
«ՀԷՑ» ՓԲԸ պարտատոմսերի թողարկման ազդագիրը գրանցվել է Կենտրոնական բանկի կողմից: