Նիգերիայում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել
ԲլոգոսֆերաՆիգերիայի կենտրոնում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, որոնց մեծ մասը երեխաներ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։
Նիգերիայի կենտրոնական Կադունա նահանգում ավտոբուսը, որը տեղափոխում էր 63 երեխա՝ նշելու իսլամ մարգարեի ծննդյան օրը, բախվել է մեկ այլ մեքենայի։ Ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը արագության և գերբեռնվածության պատճառով։«Տասնհինգ երեխա մահացել է տեղում, մնացած քառասունութը ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ… Ավելի ուշ ստացած վնասվածքներից մահացել է ևս տասը մարդ, ապա ևս մի քանի տուժած մահացել է հիվանդանոցում՝ զոհերի թիվը հասցնելով 40-ի»,- հայտնել է Նիգերիայի ճանապարհային անվտանգության դաշնային հանձնաժողովի տեղական մասնաճյուղի ղեկավար Կաբիրու Նադաբոն:
Նա ընդգծել է, որ վթարը պետք է ծառայի որպես անզգույշ վարելու հետևանքների սարսափելի օրինակ, ինչպես նաև կոչ է արել վարորդներին պահպանել արագության թույլատրելի շեմը։Կադունա նահանգի նահանգապետ Ուբա Սանին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վստահեցրել, որ տուժածները կստանան անհրաժեշտ բժշկական օգնություն։ Ճանապարհային անվտանգության հանձնաժողովը միջադեպի հետաքննություն է սկսել