Սիս գյուղում «Կամազը» վրաերթի է ենթարկել Արցախից տեղահանված 34-ամյա կնոջը. նա մահացել է
ՏեսանյութերԱյսօր՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:35-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած KamAZ մակնիշի բեռնատարով Սիս գյուղի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել և օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Դեպքի վայրում լարված իրավիճակ է ստեղծվել, սակայն պարեկներին և ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հաջողվել է կրքերը հանդարտեցնել։
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը 2023 թվականին էր տեղահանվել Արցախից, ամուսինը զոհված էր, խնամքին ունեն 2 անչափաս երեխաներ։