Բայդենը Ուկրաինային թույլ է տվել ԱՄՆ-ի զենքերով հարվածել Ռուսաստանին. ԶԼՄ-ներ
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինայի Զինված ուժերին ամերիկյան զենքով հարվածել ռուսական տարածքի վրա, սակայն մի շարք սահմանափակումներով, ՌԻԱ Նովոստիին հաստատել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«Նախագահը վերջերս հանձնարարեց իր թիմին հնարավորություն տալ Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ի կողմից մատակարարվող զենքերը Խարկովի մարզում հակամարտկոցային նպատակներով, որպեսզի Ուկրաինան կարողանա պատասխանել ռուսական ուժերին, որոնք հարձակվում կամ պատրաստվում են հարձակվել նրա վրա», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Գերատեսչությունում հավելել են, որ Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախների դեմ հեռահար ATACMS հրթիռների կամ հեռահար զենքի կիրառման արգելքը մնում է ուժի մեջ։
Ավելի վաղ Politico, The New York Times և Financial Times արտասահմանյան հրատարակությունները, հղում անելով աղբյուրներին, հայտնել էին, որ Բայդենը թույլ է տվել Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի թիրախներին, բայց միայն Խարկովի մարզի սահմանի մոտ գտնվող տարածքում։ Վերջինում ռուսական զորքերը ակտիվ հարձակողական գործողություններ են սկսել մայիսի կեսերին, ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հետագայում հայտարարել է տարածաշրջանի մեկ տասնյակից ավելի բնակավայրերի գրավման մասին։