ՌԴ ԱԳ նախարար Լավրովը խոսել է միջուկային զենքի շուրջ բանակցությունների մասին
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը միջուկային զինանոցների կրճատման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին կապված է դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավի հետ: Նրա խոսքով՝ այդպիսով Բայդենը ցանկանում է ուժեղացնել նախագահի թեկնածու Քամալա Հարիսի աջակցությունը:
«Դա դեմոկրատական կուսակցության թեկնածուի համար նախընտրական միավորներ վաստակելու ցանկություն է»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Արգումենտի և փաստերի» հետ հարցազրույցում (մեջբերում Է ՏԱՍՍ-ը):
Հոկտեմբերի 14-ին Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է առանց նախապայմանների բանակցել Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ՝ միջուկային սպառնալիքը նվազեցնելու և միջուկային զինանոցները կրճատելու համար:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ «առանց նախապայմանների» բանակցությունների մասին դիրքորոշումը նշանակում է հատուկ գործողության մասով երկրների հարաբերություններից դուրս հարցի քննարկում: Ռուսական կողմը նման պայմաններն անընդունելի է համարում։