Ֆրանսիան 100 միլիոն եվրո օգնություն կտրամադրի Լիբանանին. Մակրոն
ԱշխարհՖրանսիան 100 միլիոն եվրո օգնության փաթեթ կտրամադրի Լիբանանին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լիբանանի աջակցության միջազգային համաժողովում, որն այսօր բացվել է Փարիզում։ Համաժողովի մեկնարկին Մակրոնը վերսկսել է կրակի անհապաղ դադարեցման իր կոչը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բառոն ավելի վաղ հայտարարել էր, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 70 երկիր և 15 միջազգային կազմակերպություն։ Կոնֆերանսին հրավիրված չեն Իսրայելն ու Իրանը։
Այսօր իր բացման խոսքում Մակրոնը Իսրայելին կոչ է արել դադարեցնել հարձակումները Լիբանանի շրջանների վրա, ընդգծել է Իսրայելի վրա «Հեզբոլլահի» հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը և մատնանշել ՄԱԿ-ի 1701 բանաձևի իրականացման անհրաժեշտությունը:
Մակրոնը հավելել է, որ Իրանը մղում է «Հեզբոլլահին» դիմակայել Իսրայելին, և որ «անհրաժեշտ է վերջ տալ լիբանանյան հողի վրա այլ երկրների պատերազմին»։