Թող 2025 թվականը խաղաղության և բարեկեցության տարի լինի մեր պետության ու ժողովրդի համար․ Ռոմանոս Պետրոսյան
ՔաղաքականՊետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում ուղերձի փոխարեն հետևյալ գրառումն է արել․
«2025 թվականը պետական գործունեության ոլորտում հռչակում ենք ազգային պետականության ամրապնդման, խաղաղության օրակարգի առաջմղման, պետական ինստիտուտների կայացման և կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարի տարի։
Հանրային-քաղաքական գործունեության մեջ առաջնահերթությունները նույնն են՝ իրավունքի և օրենքի գերակայությունը գիտակցող հասարակություն՝ իրավագիտակից քաղաքացի և արժեքահեն համակեցության կանոններով ապրող, բարեկիրթ հանրույթ։
Դե իսկ առօրյա կյանքում շարունակում ենք նախևառաջ մնալ Մարդ՝ ցանկացած իրավիճակում և կարգավիճակում, կյանքի բարդ շրջափուլերում առաջնորդվում ենք արդարամտության և հանձնառության ոսկե կանոններով, իսկ վճռորոշ ու ճակատագրական պահերին գործում ենք իբրև պարտականությանը գիտակից, արի և վեհանձն մարդ՝ ով գիտակցում է իր հանձնառությունը՝ հանդեպ Աստծո և Հայրենիքի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Թող 2025 թվականը խաղաղության և բարեկեցության տարի լինի մեր Պետության ու Ժողովրդի համար»։