«Էվկլիդը» գտել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը
Աշխարհ
Տիեզերքն ընդամենը 630 միլիոն տարեկան էր, երբ այս քվազարից արձակվեց այսօր մեզ հասնող լույսը։ Նոյեմբերի 24-ին Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնեց, որ «Էվկլիդ» աստղադիտակը հայտնաբերել է մինչ այժմ հայտնի ամենահեռավոր քվազարը՝ գալակտիկայի գերպայծառ միջուկ, որի էներգիայի աղբյուրը գերզանգվածեղ սև խոռոչն է։
Աստղագետներն այն նկատել են 18 ամսվա դիտարկումների տվյալներում՝ միլիոնավոր այլ օբյեկտների մեջ։ «Էվկլիդի» պատկերում J1504+6252 անվանումը ստացած քվազարը փոքր կարմիր կետ է։ «Ջեյմս Ուեբի» չափումները ցույց են տվել, որ դրա կենտրոնի սև խոռոչի զանգվածը մոտ 360 միլիոն անգամ գերազանցում է Արեգակինը։
Նոր դիտարկումը նախորդ ռեկորդից ևս 40 միլիոն տարով ավելի վաղ շրջան է բացում։ Աստղագետներին հատկապես հետաքրքրում է այն, որ դիտարկված պահին սև խոռոչը համեմատաբար դանդաղ էր նյութ կլանում։ Դեռ պետք է պարզել՝ ինչպես էր այն մինչ այդ հասցրել այդքան մեծանալ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը