Հայ ճանաչված կանայք կարծում են, որ կինը պետք է աշխատի
Հասարակություն
Կին-տղամարդ հակամարտությունում աշխատելու խնդիրը միշտ էլ եղել է: Սակայն ժամանակի ընթացքում հայերը սկսել են գիտակցել, որ կինը, բացի տնային տնտեսուհի լինելուց, կարող է նաև բիզնեսով զբաղվել, պատասխանատու պաշտոններ զբաղեցնել: Հասարակության մեջ իրենց ուրույն տեղն ու դերն ունեցող կանանց հետ խոսել ենք ու պարզել, թե ինչ է տալիս աշխատանքը կնոջը:
Սոֆի Դևոյան. «Ուզում եմ աշխատել այնքան, ինչքան կկարողանամ»
Մշտապես բեմում փայլող Սոֆի Դևոյանը ևս կարծում է, որ կինը պետք է աշխատի: «Ինքս էլ սիրում եմ ընտանիքս, կյանքս նվիրում նրանց, բայց նաև աշխատում եմ ու ամեն բան հասցնում,- ասաց իմ զրուցակիցը: Տիկին Դևոյանի խոսքերով՝ ինքն ունի ամուսին, երեխաներ, տատիկ, դպրոցներ ու բիզնես, բայց կարողանում է համատեղել: «Ինչքան հանգիստ ես լինում, այնքան ավելի շատ բան ես հասցնում. պարզապես պետք է կարողանալ կյանքի ռիթմի մեջ ընկնել»,- համոզված է նա:
Սոֆի Դևոյանը, ով 14 տարեկանից աշխատել ու գիմնաստիկա է դասավանդել, նշեց, որ Պարի պետականից դուրս գալուց հետո մեկ տարի չի աշխատել, սակայն այդ ընթացքում անընդհատ մտածել է սեփական թատրոն ունենալու մասին, ինչն արդեն 20 տարի է՝ ղեկավարում է: «Իմ աշխատանքը շախմատի տախտակի նման է, անընդհատ քայլեր եմ անում և չեմ պատկերացնում, որ դրանք մի օր կարող են ավարտվել… Ուզում եմ աշխատել այնքան, ինչքան կկարողանամ»,- նշեց Տիկին Դևոյանը, ում համոզմամբ՝ երջանկություն է, երբ չես կորցնում այն, ինչ ստեղծել ես:
Տիգրանուհի Կարապետյան. «Կինը ստեղծագործություն է»
Տիգրանուհի Կարապետյանը, ով «Մեր տուն» հասարակական կազմակերպության նախագահն է, իր հասարակական գործունեությունը սկսել է 93 թվականից, երբ ամուսնու հետ Հայաստանի երեխաների աջակցության ծրագիր (հովանավորությունն ԱՄՆ-ից էր -հեղ.) էր իրականացնում, որն օգնում էր Հայաստանի գրեթե բոլոր մանկատներին: Տիկին Տիգրանուհին, սակայն մասնագիտությամբ ռեժիսոր է և մինչ 1988թ. երկրաշարժը ղեկավարել է Սպիտակի երիտասարդական թատրոնն ու ներկայացումներ բեմադրել: «Աշխատանքը կնոջն ինքնավստահություն է տալիս, կայանալու ձգտում. կինը ստեղծագործություն է, շատ բան կարող է տալ և՛պետությանը, և՛ հասարակությանը: Եթե կնոջ ձեռքը որևէ բանի դիպչում է, գործը գլուխ է գալիս»,- համոզված է իմ զրուցակիցը, ով մի շարք համեմատականների շնորհիվ բացատրեց կնոջ դերն ու նշանակությունն աշխատանքում. «Կինն անպայման է աշխատանքում. նույնն է՝ կարծես տանը մայր չլինի, կամ տարվա եղանակներից գարունը չլինի: Կինը հո միայն լվացք անելու ու աման լվանալու համար չի ստեղծվել: Նա էներգիան պետք է հաղորդի շրջապատին, որովհետև մայր է, ով հոգատարություն է ցուցաբերում ամեն ինչում: Իսկ մայրը պետք է աշխատի, որ իր ուժերը ցույց տա. չէ՞ որ հենց կինն է ամենադժվարը՝ երկունքի ցավերը քաշում»: Բայց տիկին Տիգրանուհին էլ է խոստովանում, որ հատկապես հասարակական գործում այնպես է ստացվում, որ երբեմն չի հասցնում համատեղել. «Երբեմն չեմ հասցնում, բացակա տեղեր եմ թողնում ու ինձ վատ մայր եմ զգում, որովհետև երկար ժամանակ եմ անցկացնում աշխատավայրում. ժամերով խոսում եմ մանկատնից հետո «Մեր տանն» ապաստանած աղջիկների հետ, ովքեր ուշադրության պակաս ունեն»:
Արմինե Հովհաննիսյան. «Շատ դժվար է լինել մայր, կին ու ծավալել հանրօգուտ գործունեություն»
Արմինե Հովհաննիսյանն ամուսնու և ընտանիքի հետ Հայաստան վերադառնալուց հետո հիմնեց «Հայաստանի պատանեկան նվաճումներ», «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունները և այժմ աշխատում է այնտեղ՝ որպես տնօրեն: Սակայն տիկին Հովհաննիսյանը աշխատել է 14 տարեկանից՝ համատեղելով դասերի հետ: «ԱՄՆ-ում մոդելների պատրաստման դպրոցներից մեկում քարտուղար էի: Իսկ մասնագիտական առումով աշխատել սկսել եմ 1988 թվականից՝ ԱՄՆ-ի փաստաբանական գրասենյակներից մեկում՝ որպես իրավաբան»,- պատմեց հասարակական ակտիվ գործունեության ծավալող տիկին Հովհաննիսյանը, ով չի թաքցնում, որ շատ դժվար է լինել մայր, կին, միաժամանակ ծավալել նաև հանրօգուտ գործունեություն: «Սակայն այն ընտանիքում, որտեղ տիրում է սեր, հարգանք և փոխըմբռնում, այս խնդիրները լուծելի են: Ես շատ լավ հասկանում եմ, որ չեմ կարող լիարժեք ստանձնել յուրաքանչյուրի պարտականությունը և անընդհատ կանգնած եմ տվյալ վայրկյանին առաջնահերթ դերը ստանձնելու որոշումը կայացնելու առջև: Ոչ բոլոր դեպքերում է, որ ճիշտ որոշում եմ կայացնում, բայց բախտավոր եմ, որ ամուսինս, հինգ զավակներս և մտերիմներս հարգում են իմ որոշումը և քիչ են բողոքում»,- անկեղծորեն նշեց իմ զրուցակիցը: Տիկին Հովհաննիսյանի խոսքերով' իր համար խիստ կարևոր է աշխատանքը. «Հոգևոր սնունդը ես մշտապես ստացել եմ ընտանիքիցս, սակայն միայն դա ինձ բավարար չէր: Լինելով ակտիվ և նախաձեռնող' ինձ անհրաժեշտ էր նաև մտավոր սնունդ, որը ես լավագույնս գտա աշխատանքիս մեջ»:
Իսկ չաշխատող կանանց տիկին Հովհաննիսյանը մի խորհուրդ տվեց: «Ողջունում եմ այն կանանց, ովքեր սեփական կամքով են կայացրել այդ որոշումը: Իսկ նրանց, ովքեր ստիպված են համակերպվել ամուսինների որոշման հետ, խորհուրդ կտամ նրբորեն և աստիճանաբար փորձել համոզել և հավաստիացնել նրանց, որ իրենց աշխատանքից ընտանիքն ամենևին էլ չի տուժի»,- նշեց նա:
Նելլի Դուրյան. «Շատ կարևոր է ամուսնու աջակցությունը»
Շուրջ 30 տարի է՝ ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն աշխատում է համակարգում. «Ծնողներս էլ համակարգից էին…»,- նշեց տիկին Դուրյանը, ով կարծում է՝ այս ոլորտում աշխատելը ուժեղ կնոջն է բնորոշ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետ, անչափահասների գործերով բաժնի պետ տիկին Դուրյանի ամուսինն իր ոլորտի հետ կապ չունի: Նա շինարար, ճարտարապետ է, սակայն երբևէ չի խոչընդոտել կնոջ աշխատանքին, իսկ տիկին Դուրյանն էլ ամեն բան արել է, որ աշխատանքը չխանգարի ընտանիքին, ամուսնուն ու երեխաներին ժամանակ տրամադրելիս: «Կնոջ համար աշխատանքը շատ կարևոր է, որովհետև նա իր ուրույն տեղը, դերն ու նշանակությունն է ունենում հասարակության մեջ: Բացի այդ, նա աշխատում է իր վրա. ինքնագնահատականն է բարձրանում, զգում է իրեն օգտակար, ինչու չէ՝ նաև գնահատված»,- ասաց տիկին Դուրյանը և ավելացրեց, որ այս դեպքում ևս շատ մեծ է ամուսնու և ընտանիքի աջակցությունն ու ըմբռնումը:
Յանա Դանիելյան. «Աշխատանքն ապրելակերպ է»
Հաղորդավարուհի Յանայի համար աշխատանքն ու աշխատելն ապրելակերպ է: «Թեև կինը ծնվում է մայրանալու առաքելությամբ, սակայն, բացի դրանից, կինը պետք է նաև աշխատի: Կան կանայք, ովքեր չեն ուզում աշխատել՝ նախընտրելով տանը՝ ամուսնու և երեխայի կողքին լինել, իսկ իմ տեսակի կանայք պարզապես չեն կարող ապրել առանց աշխատանքի»,- համոզված է Յանան, ով աշխատել սկսել է 2006թ.-ից: Ըստ նրա՝ ընտանիք կազմելու առաջին իսկ օրվանից գիտեր, որ զուգահեռ նաև աշխատելու է: Այդպես էլ եղել է, հաղորդավարուհին փոքրիկի ծննդից տասն օր անց վերադարձել է աշխատանքի: «Սովոր էի, որ տանը և՛ մայրիկը, և՛ հայրիկը պետք է աշխատեն: Աշխատանքը կնոջ առօրյան ավելի հետաքրքիր է դարձնում, իսկ տղամարդուն հաճելի է լինում ապրել զբաղված ու իրեն հետևող կնոջ կողքին: Ամուսինս երբևէ դեմ չի եղել ու չի էլ պատկերացրել, որ կարող է չաշխատեմ»,- ասաց Յանան: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դժվար չէ՞ ամուսնու հետ լինել և՛ տանը, և՛ աշխատավայրում: «Եղել է շրջան, որ ես և Սուրենը ստիպված միասին ենք աշխատել, սակայն նոր եթերաշրջանում երկուսիս պայմանն էլ այն էր, որ առանձին աշխատենք,- ի պատասխան հայտնեց Յանան և հավելեց,- առանձին աշխատելը շատ ավելի հետաքրքիր է, քանի որ տարբեր գործընկերներ ես ունենում, և այս դեպքում այլևս չկա վտանգը, որ ընտանեկան կյանքի որոշ պատառներ «կբարձրանան» նաև հեռուստաէկրան»: Հաղորդավարուհին համոզված է նաև, որ ընտանիքն ու աշխատանքը համատեղելու համար պետք է պարզապես ճիշտ ծրագրել առօրյան: «Ընդհանրապես կարող եմ ասել, որ իմ ամբողջ կյանքն եմ ծրագրել՝ սկսած աշխատանքից և ամուսնությունից»,- ընդգծեց Յանան:
Քնարիկ Զաքարյան. «Աշխատանքը կնոջն այլ կողմից է բացահայտում»
«Իմ շնչառությունն ու օդն է հատկապես թատրոնում աշխատելը. այն ինձ բուժում ու երջանկացնում է»,- համոզված է դերասանուհի, երգչուհի Քնարիկ Զաքարյանը, ով իր աշխատանքային գործունեությունը սկսել է թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ: «Երրորդ կուրսում շատ էի ուզում աշխատել ու սեփական գումարն ունենալ: Մասնակցեցի ռադիոկայաններից մեկի հայտարարած մրցույթին և ընդունվեցի' որպես հաղորդավար, սցենարիստ», ասաց Քնարիկը: Դերասանուհին ինստիտուտն ավարտելուց հետո էլ առաջարկ է ստացել Արթուր Գրիգորյանից' աշխատելու Երգի պետական թատրոնում, միաժամանակ աշխատել է Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում: Ըստ Քնարիկի' աշխատանքը կնոջն ինքնուրույնություն է տալիս: «Կնոջ ինքնագնահատականը ևս բարձրանում է. կինը պետք է ինքնադրսևորվի նաև աշխատանքում: Ճիշտ է' յուրաքանչյուր կին պետք է լինի մայր, լավ կին, սակայն աշխատանքը ևս պարտադիր է, որովհետև այն կնոջն այլ կողմից է բացահայտում»,- կարծում է նա: Դերասանուհու խոսքերով' աշխատանքին զուգահեռ կարողանում է ժամանակ տրամադրել նաև ընտանիքին, փոքրիկին ու ամուսնուն: «Քանի որ իմ աշխատանքն ազատ գրաֆիկով է, այսինքն' ես ժամը 6-9 պարտադիր չեմ աշխատում, կարողանում եմ համատեղել, և ընտանիքում իմ դերը չի տուժում,- ասաց Քնարիկն ու շարունակեց,- եթե այնպես է ստացվում, որ օրս ամբողջությամբ փորձերով, ներկայացումներով ու այլ աշխատանքներով է անցնում, ապա հաջորդ օրն անպայման փոքրիկիս եմ տրամադրում»: Դերասանուհին մեր զրույցի վերջում նշեց նաև, որ ուրախ կլինի, եթե ցանկացած կին ոչ թե ստիպված գումարի, այլ իր հաճույքի համար աշխատի:
Աստղիկ Ալավերդյան. «Բալիկ ունենալուց հետո էլ կշարունակեմ աշխատել»
Վերջերս ամուսնացած Աստղիկն ամուսնությունից հետո էլ շարունակում է նկարահանվել: Աշխատել նա սկսել է տասնութ տարեկանից, երբ ընդունվեց Պատանի հանդիսատեսի թատրոն: 2005թ.-ից հեռուստատեսությունում գործունեություն ծավալող Աստղիկն այսօր չի պատկերացնում իրեն առանց աշխատանքի: «Առանց դրա չեմ պատկերացնում իմ կյանքը: Անցած տարի այս շրջանում 3-4 ամիս չեմ աշխատել, ինչը շատ վատ էր. մտածում եմ, որ բալիկ ունենալուց հետո էլ կշարունակեմ աշխատել»,- նշեց Աստղիկն ու հավելեց, որ լավ չէ, երբ կինը խորանում է ընտանեկան հոգսերի մեջ: Սակայն դերասանուհին չթաքցրեց, որ աշխատանքն ու ընտանեկան խնդիրները համատեղելը բավականին դժվար է: «Նախկինում միայն ես էի ու իմ աշխատանքը, իսկ այժմ ունեմ ամուսին, առանձին տուն, որտեղ շաբաթը 3-4 օր հյուրեր են լինում: Նարբեն ինձ շատ է օգնում, և ես կարողանում եմ հասցնել: Թեև հանգստանալու, շունչ քաշելու ժամանակ չի մնում, սակայն բոլոր գործերս այնպես եմ կազմակերպում, որ ոչ մեկը չտուժի»,- խոստովանեց Աստղիկը: Չաշխատող կանանց նա խորհուրդ է տալիս որևէ զբաղմունք գտնել, մարզասրահ գնալ, օրվա ընթացքում գոնե երկու ժամ դուրս գալ տանից և կտրվել հոգսերից: «Այդպիսով կինը չի կորցնի իր անհատականությունը»,- համոզված է Աստղիկը:
Մանո Գրիգորյան. «Երբ կինն աշխատում է, ավելի շատ բան է հասցնում անել»
Դերասան Սարգիս Գրիգորյանի կինը' դերասանուհի Մանոն, երկու փոքրիկների մայր է, սակայն շարունակում է աշխատել ու նշում է, որ այդ ամենը չի անում ընտանիքի հաշվին: «Բալիկներիս միջև տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ծննդաբերությունից երեք ամիս անց սկսել եմ աշխատել, ինչը չի խանգարել նաև նրանց զբոսանքի տանելուն կամ նրանց հետ ժամանակ անցկացնելուն: Երբ Սարգսին հայտնեցի, որ արդեն ուզում եմ աշխատել, նա միանշանակ կողմ էր ու, փառք Աստծո, ստեղծեց այնպիսի պայմաններ (օրինակ' երեխաների համար դայակ վարձել), որ կարողանամ աշխատել»,- ասաց Մանոն: Նրա խոսքերով' կանանց այն տիպին է պատկանում, ովքեր չեն կարող տանը երկար նստել: «Եթե տանը երկար եմ մնում, դեպրեսիայի մեջ եմ ընկնում. գոնե 20 րոպե պետք է դուրս գամ ու ցրվեմ»,- խոստովանեց դերասանուհին: Մանոյի համոզմամբ' աշխատող կինն ավելի շատ բան է հասցնում անել: «Աշխատանքից հետո տուն եմ գալիս ու հաճույքով այնքան գործ եմ անում, որ զարմանալ կարելի է: Կարծում եմ նաև, որ երբ կինը, հատկապես ծննդաբերությունից հետո, մի քիչ երկար է տանը մնում, հետծննդաբերական դեպրեսիա է ունենում և հոգեբանական շատ խնդիրներ են ի հայտ գալիս»,- նշեց նա: Նրա կարծիքով, աշխատանքը կնոջը նաև վստահություն է տալիս: «Դա մի աշխարհ է, որը քոնն է, քո մտքերը, ընկերները, և որտեղ չկա տղամարդը: Այդ ամենը հետաքրքիր է այնքանով, որ տուն վերադառնալով' կարող ես ամուսնուդ պատմել քո աշխարհի մասին, նա էլ' իր»,- եզրափակեց դերասանուհին: Այս մասին գրում է esyes.am-ը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան