Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են
ՔաղաքականԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հատուկ քննչական ծառայությունում է, կատարվում են քննչական գործողություններ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Այս պահին, ըստ երևույթին, տեղի է ունենում հարցաքննություն: Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է կանչվել Մարտի 1-ի գործով որպես վկա:
Նկատենք, որ Քոչարյանը ՀՔԾ շենք մուտք չի գործել գլխավոր մուտքով՝ խուսափելով ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումից:
Ի դեպ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ևս ՀՔԾ-ում է՝ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու համար:
Հարցին՝ Մարտի 1-ի գործո՞վ է հրավիրվել ՀՔԾ, Խաչատուրովը պատասխանեց՝ «Այո»:
Նա ընդգծեց՝ մտավախություն չունի, որ այս գործով կարող է կասկածյալ դառնալ:
Նշենք, որ վերջինս 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։
Հշեցնենք, որ Քոչարյանի գրասենյակը դիմել էր հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու համար: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հարցաքննությունը տեսաձայնագրելու և կցվելու է քրեական գործին: Սակայն, ըստ նրա, դա չի նշանակում, որ տեսաձայնագրությունը հրապարակվելու է:
Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ հարցաքննության էր կանչվել հուլիսի 6-ին, սակայն չէր ներկայացել Հայաստանից բացակայելու պատճառաբանությամբ: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը կներկայանա հարցաքննության, երբ հուլիսի 25-ից հետո արտերկրից վերադառնա Հայաստան:
2008 թվականի մարտի 1-ից 2- ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սոնա Հարությունյան